Ալթայում Մի-8 ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր և վիրավորներ
Ալթայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռ՝ բախվելով էլեկտրահաղորդման գծին։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են բժշկական ծառայություններում։
«Ուղղաթիռում եղել են 13 ուղևոր, երեք օդաչու: Ութ մարդ վիրավորվել է, նրանցից երեքը ծանր վիճակում են, (մարմնի) 90 տոկոս այրվածքներով», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ Интерфакс գործակալությունը, հղում անելով Ալթայի Հանրապետության վարչակազմի աղբյուրին, նշել է, որ ավիավթարի հետևանքով 10 մարդ է վիրավորվել։
Ավիացիոն ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել են զբոսաշրջիկներ։
Միջադեպը տեղի է ունեցել Գորնո-Ալթայսկից 200 կմ հարավ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատել են ուղղաթիռի կործանման փաստը՝ հայտնելով, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Դեպքի վայր են մեկնել նաև շտապօգնության ծառայությունները:
Արտակարգ ծառայություններում նաև հայտնել են, որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։ Նախնական տվյալներով՝ տեղում զոհեր և ավերածություններ չկան։ Դեպքի վայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է 150 քմ տարածքում։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ տուժածներին ուղղաթիռով կտեղափոխեն Բառնաուլ: