Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մարդասիրական կոնսենսուսի հասնեն․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, այդ թվում՝ Աղդամով․ չնայած այդ ուղղությամբ գործադրվող համառ ջանքերին՝ դրա համար հարկավոր է, որ կողմերը հասնեն կոնսենսուսի։ Կազմակերպությունը համապատասխան որոշում կայացնողներին կոչ է անում թույլ տալ վերսկսել իր խիստ անհրաժեշտ մարդասիրական գործողությունները տարածաշրջանում:
ԿԽՄԿ-ն հիշեցնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս ունեն, իսկ սակավաթիվ առկա ապրանքները չափազանց թանկ են։
Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության ՝վերջին անգամ ԿԽՄԿ-ին շաբաթներ առաջ են թույլ տվել տարածաշրջան հասցնել բժշկական պարագաներ և սննդամթերք։
«Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյուները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա։ Մեզ ամենից շատ անհանգստացնում են անօգնական մարդիկ։ Հատկապես վտանգի տակ են հիվանդներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև տարեցները, տկարներն ու երեխաները։ Այստեղ գործելու համար մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ համաձայն միջազգային մարդասիրական օրենքի՝ կողմերը պետք է թույլ տան և նպաստեն կարիքի մեջ գտնվող քաղաքացիական անձանց համար մարդասիրական օգնության մատակարարումն արագ և անարգել կերպով։
ԿԽՄԿ-ն հիշեցնում է, որ վերջին մի քանի օրերին հնարավորություն է ունեցել Լաչինի միջանցքով տեղափոխել 24 հիվանդների, իսկ ընդհանուր առմամբ, 2022 թ․ դեկտեմբերից կազմակերպությունը տեղափոխել է անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 600 հիվանդի։
«ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել իր մարդասիրական աշխատանքը, երբ այդպիսի կոնսենսուս գտնվի», – եզրափակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեում։