Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահի խոսքով՝ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները, այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ կապված խնդիրները:
«Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք այն բանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է հիմնված լինեն երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով:
Ինչպես նկատում է Արցախի նախագահը, բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի: Անհրաժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:
«Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը:
Մարդկանց տառապանքներն առևտրի առարկա դարձնելն անթույլատրելի է: Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը, որի նպատակը նրա ժողովրդին առավելագույնս զրկանքների ենթարկելն է, պետք է անհապաղ և անվերապահորեն դադարեցվի՝ համաձայն Միջազգային դատարանների որոշումների և արդարության սկզբունքների»,- ընդգծեց Հարությունյանը:
Արցախի նախագահը վստահեցրեց, որ շրջափակման դադարեցումը և մարդկանց տառապանքների թեթևացումը անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ կստեղծեն բանակցությունները սկսելու համար և առավել բարենպաստ պայմաններ կձևավորեն բովանդակալից քննարկումների համար:
Նա նկատեց, որ բանակցային գործընթացի հիմքում պետք է լինեն բացառապես միջազգային իրավունքի նորմերն ու համընդհանուր արժեքները, ինչպիսիք են՝ արդարությունը, արժանապատվությունը և իրավահավասարությունը: Ցանկացած արհեստական սահմաններ, որոնք կարող են կանխորոշել բանակցությունների արդյունքը, պետք է բացառվեն:
«Կարևոր է ընդգծել, որ խաղաղ գործընթացի առանցքային հարցերից մեկը եղել և շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի հարցը, որը, միջազգային իրավունքի տեսանկյունից, շարունակում է մնալ չլուծված: Մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը անառարկելի հիմքեր են ստեղծում արտաքին ինքնորոշման ապահովման ու ճանաչման համար՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա: Այդ սկզբունքն իր կարևոր տեղն է ունեցել 1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի խորհուրդները հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա»,- լրագրողների հետ զրույցը եզրափակեց Արայիկ Հարությունյանը: