
Յոհանեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ-ի և Իրանի անվտանգության խորհուրդների քարտուղարները

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ և քննարկել ռուս-իրանական փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին նշվում է ՌԴ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունում։
Բանակցություններում քննարկվել են «երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև կանոնավոր երկխոսությունը շարունակելու հարցերը, ինչը թույլ է տալիս համակարգել ռուս-իրանական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի, «գունավոր հեղափոխությունների» հակազդման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման լայն շրջանակի հարցերի շուրջ»։
Բանակցությունները տեղի են ունեցել Յոհանեսբուրգում՝ BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն)՝ անվտանգության հարցերով զբաղվող բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում: