«Վրաստանի հայ համայնքը» քննադատել է Վրաստանի Հանրայինին՝ Շուշիի ֆորումին մասնակցելու համար

Մինչ Արցախի 120.000-անոց բնակչությունը, բացառապես հայ լինելու պատճառով, Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության` արդեն գրեթե 8 ամիս գտնվելով շրջափակման մեջ և զրկված լինելով բուժօգնության և առաջին անհրաժեշտության այլ կարիքները հոգալու հնարավորությունից, մի քանի կիլոմետր այն կողմ Ի.Ալիևն անցկացնում է «Shusha Global Media Forum» կոչված ծրագիրը, հայտարարություն է տարածել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն․

«Այլևս զարմանալի չէ Ի.Ալիևի ցինիզմի մակարդակը՝ Ադրբեջանում լրագրողական կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ֆորումի անցկացման մասով, վերջերս անգամ պարզվեց, որ այդ երկրում կան «բնապահպաններ»: Սակայն մեզ համար տարակուսելի է, որ սովի մատնվող հայ երեխաներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա նրանց դահիճների կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցում են Վրաստանի Հանրային հեռուստաալիքի (որը ֆինանսավորվում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում` շուրջ 180.000 հայերի վճարած հարկերից) գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավար Ռամիլա Ալիևան: Հաշվի առնելով, որ Վրաստանի իշխանությունները միշտ հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք դիրքերից` հաճախ փորձելով դառնալ միջնորդ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում, նշված պաշտոնատար անձանց մասնակցությունը Շուշիում կայացած միջոցառմանը անհանգստության տեղիք է տալիս:

Մենք նախկինում ևս հայտարարել էինք, որ Հանրային հեռուստաալիքի հայալեզու և ադրբեջանալեզու բաժնի ղեկավարի պաշտոնում Ռ.Ալիևայի պաշտոնավարումը խոչընդոտելու է բաժնի օբյեկտիվ և անկողմնակալ գործունեությանը, սակայն հեռուստաալիքի ղեկավարության կողմից այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չձեռնարկվեց:

Այս ամենից հետո զարմանալի չէ, որ Հանրային հեռուստաալիքը ընդհանրապես չի անրադարձել Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառումներին և 8 ամսվա ընթացքում ընդհանրապես չի լուսաբանել Արցախի շրջափակման թեման»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս