Բաժիններ՝

Իրանի զինված ուժերի զինանոցը համալրվել է նոր ռազմավարական թևավոր հրթիռով

Իրանի ռազմածովային ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստացել են նոր ռազմավարական թևավոր հրթիռ, որն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն։ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ հրթիռը մի քանի անգամ կընդլայնի Իրանի ռազմածովային պաշտպանության ծածկույթի գոտին:

Հրթիռը ռազմածովային ուժերին և ԻՀՊԿ-ին է հանձնվել հատուկ արարողության ժամանակ, որին մասնակցել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ։

Ըստ ԻՀՊԿ-ի նավատորմի փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրիի՝ «Աբու Մահդի» հրթիռը հնարավոր է արձակել երկրի խորքերից․ այն հաջողությամբ գործում է հակառակորդի էլեկտրոնային պայքարի միջոցների դեմ։ Բացի այդ, փոխծովակալի խոսքով, հրթիռը կարող է արձակվել նավից կամ մերձափնյա մեկնարկային հարթակից, կարող է որսալ մի քանի թիրախներ և թիրախին հարվածել տարբեր ուղղություններից։

«Քանի որ հրթիռը կարող է թռչել շատ ցածր բարձրության վրա և շատ մեծ հեռավորությունից, այն գրեթե հնարավոր չէ հայտնաբերել», – նշել է Ալի Ռեզա Թանգսիրին։

Հրթիռն անվանվել է «Աբու Մահդի»՝ իրաքցի և իրանցի քաղաքական և ռազմական գործիչ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի պատվին, որը սպանվել էր 2020 թ․-ի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ միասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս