Բաժիններ՝

«Լոռի Excluzive» և «Շիրակ, Կալինինո, EXCLUSIVE» անվանումներով ապրանքները պարունակել են բուսական յուղ, սակայն իրացվել են որպես պանիր. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթների շրջանակներում բացահայտվել են անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի կողմից անբարեխիղճ մրցակցության դեպքեր։

Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, տնտեսավարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ և «Շիրակ, Կալինինո, EXCLUSIVE» անվանումով, 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության արտադրած ապրանքներն իրացրել է «Կայզեր» և «Երևան Սիթի» սուպերմարկետներին՝ որպես «Լոռի» պանիր։ Այնինչ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այդ ապրանքները պարունակում են բուսական յուղ և ԵՏՀ խորհրդի կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «պանիր»:

Միաժամանակ ապրանքների վրա բացակայել է «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ արտադրված (պատրաստված) պանրի տեխնոլոգիայով» անվանումը և «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվությունը։

Բացի այդ, վերոնշյալ տնտեսավարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության ապրանքը դրել է շրջանառության մեջ և իրացրել «Կայզեր» սուպերմարկետին՝ որպես «Ոսկե Սեր» ընկերության արտադրանք, որի հետևանքով վերջինիս վարքագիծն առաջացրել է հասարակության մոլորեցման և շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն։

Բացահայտված իրավախախտումների համար անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 2 805 000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս