Պարզաբանում․ 58-ամյա կինը հրազենային որևէ վիրավորում չի ստացել
Լրատվական կայքերում «Արտակարգ դեպք Երևանում․ «Մալայան» ակնաբուժարան տեղափոխված աչքից վիրավորը հայտնել է, որ իր վրա կրակել է դիպուկահարը» վերտառությամբ տեղեկություն է հրապարակվել, ինչի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը։
Հուլիսի 16-ին, ժամը 13․35-ին, «Մալայան ակնաբուժարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սլեռային պատռված վերք հարցականով» ախտորոշմամբ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա մի քաղաքացի։
Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին բուժօգնության տեղափոխված կինը հայտնել է, որ ժամը 12-ի սահմաններում իր բնակարանի պատուհանի մոտ հեռախոսով զրուցելիս հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, տարբեր անձանց հետ իրականացրել օպերատիվ զրույցներ։
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 58-ամյա կնոջ մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, և նա հրազենային որևէ վիրավորում չի ստացել։
ՔԿ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են քննչական գործողություններ։