ԱՄՆ-ն եռապատկել է Սիրիայի ռազմակայաններում իր զինվորականների թվակազմը․ Al Watan
ԱՄՆ-ի հրամանատարությունը հուլիսի 23-ին Իրաքից լրացուցիչ ռազմական տեխնիկա և նյութատեխնիկական միջոցներ է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմակայաններ։ Այդ մասին հայտնել է սիրիական Al Watan թերթը՝ վկայակոչելով ընդդիմադիր խմբավորումների աղբյուրները։
Ինչպես Al Watan-ին վկայակոչելով հայտնում են տարբեր ԶԼՄ-ներ, մի քանի ռազմափոխադրական շարասյուներ հատել են «Էլ Վալիդ» սահմանային անցակետը և մտել հյուսիս-արևելյան Հասեքայի նահանգի տարածք։
Զրահատեխնիկայի հետ մեկտեղ Սիրիա է ուղարկվել ամերիկացի զինվորականների մի մեծ խումբ։ Հրատարակության տվյալներով՝ հուլիսի 15-ից նրանց թվակազմը 500-ից հասել է 1500-ի։
Նշվում է, որ ամերիկյան զինվորականները վերապատրաստում են «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» քուրդ մարտիկներին, ինչպես նաև հսկում են Հասեքայի և հարևան Դեյր էզ Զորի նահանգի օդանավակայանները և նավթի ու գազի հանքավայրերը:
Սիրիայի հյուսիս-արևելքում Իրաքի հետ սահմանային շրջանների մեծ մասը ներկայում վերահսկվում է քրդերի կողմից։ 2015 թվականից ի վեր ԱՄՆ հրամանատարությունն այնտեղ ստեղծել է 9 ռազմակայան։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սիրիայում զորքերի թվակազմը կրճատվել էր մինչև 500-ի։ Այժմ ամերիկյան հրամանատարությունը կրկին մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ դա պատճառաբանելով «Իսլամական պետություն» խմբավորման ակտիվացված ահաբեկչական հրոսակախմբերի դեմ պայքարով։ Ըստ ամերիկյան 7 News հեռուստաալիքի՝ հուլիսի 16-ի հրապարակման, ԱՄՆ-ն 2500 զինվոր կուղարկի Սիրիա և Իրաք՝ ահաբեկչության դեմ պայքարի համար։ Գործողությունը պետք է տևի 9 ամիս։