Արարատ Միրզոյանը հուլիսի 25-ին կհանդիպի Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հուլիսի 25-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ բացի եռակողմ բանակցություններից տեղի են ունենալու նաև երկկողմ բանակցություններ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության դեէսկալացիայի, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ակտիվացման ուղիները։ Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը, մնացյալ հարցերի լուծումների որոնմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույնս աջակցել։ Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական կարգավորման այլ առանցքային հարցեր՝ այդ թվում և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիան, հասարակության և փորձագիտական գծով շփումները, խորհրդարանականների երկխոսության մեկնարկը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ արդեն երկկողմ հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկվելու են հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական օրակարգի ակտուալ հարցեր, որոնք առնչվում են քաղաքական, առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներին։

Տեսանյութեր

Լրահոս