Թեհրանը եվրոպացիներին կոչ է արել Ղուրանն անարգողներին հանձնել մուսուլմանական երկրներին
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ևս մեկ անգամ դատապարտել է Շվեդիայում և Դանիայում Ղուրանն անարգողներին և եվրոպական երկրներին կոչ է արել մուսուլմանական երկրներին հանձնել այդ գործողությունների պատասխանատուներին։
Ինչպես տեղեկանում ենք IRNA գործակալությունից, մամուլի ասուլիսի ժամանակ Քանաանին Շվեդիայի և Դանիայի կառավարություններին կոչ է արել «կանխել նման գործողությունների կրկնությունը, հանցագործներին պատասխանատվության ենթարկել կամ նրանց հանձնել մուսուլմանական երկրներին»։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ստոկհոլմի ոստիկանությունը իրաքցի 37-ամյա Սալվան Մոմիկային թույլ էր տվել բողոքի ակցիայի ժամանակ այրել մուսուլմանների սուրբ գիրքը, ինչպես նաև Իրաքի դրոշը։ Ստոկհոլմի ոստիկանության կողմից Ղուրանն այրելու թույլտվության պատճառով հուլիսի 20-ի առավոտյան հարյուրավոր իրաքցիներ ներխուժել էին Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն։
Օրերս Ղուրանի այրմամբ ակցիա է տեղի ունեցել նաև Դանիայում, որից հետո Իրաքում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել։ Հարյուրավոր ցուցարարներ փորձել են մտնել Բաղդադի «Կանաչ գոտի», որտեղ գտնվում են կառավարական հաստատություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները։ Ոստիկանությունը վերահսկողության տակ է առել իրավիճակը։