Թայվանի ռազմակայանում պայթյունի հետևանքով 9 մարդ է վիրավորվել
Թայվանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 մարդ է վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Միջադեպը տեղի է ունեցել Ցզիլուն քաղաքի մերձակայքում գտնվող «Սյանֆեն» ռազմակայանում, տեղի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով մոտ 11:00-ին):
Ինչպես նշում է գործակալությունը, ռազմակայանի զինանոցում տեխնիկական անձնակազմի կողմից ստուգման ժամանակ տեղի է ունեցել 120-միլիմետրանոց ականանետային արկի պայթյուն։ Պայթյունի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն: