Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով 8 զինվորական է զոհվել
«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական կազմակերպության գրոհայինները զինված արտագրոհ են իրականացրել Սիրիայի Համայի նահանգի արևելքում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները հարձակվել են բանակային բեռնատարի վրա Թուվեյնան գազահորի շրջանում, որը գտնվում է Սալամիա քաղաքի մերձակայքում (Դամասկոսից 213 կմ հեռավորության վրա)։ Նշվում է, որ ըստ Firat քրդական լրատվական գործակալության՝ հարձակման հետևանքով զոհվել է 8 զինծառայող։ Տեղեկություններ են ստացվել վիրավորների մասին, որոնց տեղափոխել են հիվանդանոց, նրանց թիվը ճշտվում է։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Al Hadath հեռուստաալիքը, 2023 թվականի հունվարից ի վեր Սիրիայի արևելքում ահաբեկիչների ձեռքով զոհվել է 139 սիրիացի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել արևելյան տարածաշրջաններ, որոնք այնտեղ ԻՊ-ի ռազմակայանների ոչնչացման գործողություն են իրականացնում Բադիա աշ-Շարքիա անապատում։ Ցամաքային ուժերին օդից օգնություն են ցույց տալիս ուղղաթիռները: