Հայաստանի ուսանողների համար Ռուսաստանի բուհերում քվոտաները կավելանան․ ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ
Հայաստանից 2000-ից ավելի ուսանողներ ներկայումս սովորում են ռուսական բուհերում, և նրանց համար նախատեսված քվոտաները հետագայում կավելանա: Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ նվիրված երկու երկրների գիտակրթական համագործակցությանը։
«Այսօր Հայաստանում գործում են ռուսական բուհերի երեք մասնաճյուղեր, ինչպես նաև Ռուս-հայկական պետական համալսարանը։ Ռուսական բուհերում սովորում է ավելի քան 2000 հայ ուսանող։ Միևնույն ժամանակ, Հայաստանից ուսանողների քվոտաների թիվը տարեցտարի ավելանում է և ապագայում էլ կավելանա», – ասել է սենատորը։
Վորոբյովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի կրթական հաստատությունների կողմից ներկայում իրականացվում է ավելի քան 38 համատեղ ծրագիր։ Որպես միջբուհական հաջող համագործակցության օրինակ Վորոբյովը նշել է 2021 թվականին մեկնարկած՝ Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի և Ռուս-հայկական պետական համալսարանի ասպիրանտուրայի համատեղ ծրագիր բացելու նախագիծը։
Բացի այդ, նրա խոսքով, գիտական համագործակցության պայմանագիր կա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև։
«Համաձայնագրի ճանապարհային քարտեզը ներառում է շուրջ 60 համատեղ ծրագրեր և հետազոտություններ, որոնց թվում է Սևանա լճի ներկա վիճակի էկոլոգիական-կենսաբանական համապարփակ գնահատականը՝ լուծելու լճի ջրային ռեսուրսների պահպանության և ռացիոնալ օգտագործման խնդիրը», – ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահը։