Բաժիններ՝

Հյուսիսային Կարոլինայում պտտահողմից 16 մարդ է տուժել, լրջորեն վնասել է Pfizer դեղագործական ընկերության գործարանը

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի նահանգում պտտահողմը լրջորեն վնասել է Pfizer դեղագործական ընկերության գործարանը, նրա աշխատակիցները տարհանվել են։  Այդ մասին ընկերությունը հայտնել է Twitter-ում։

«Մենք հաստատում ենք, որ Ռոքի Մաունթ քաղաքում Pfizer-ի գործարանը տուժել է պտտահողմից: Pfizer-ի աշխատակիցները տեղում հետևել են սահմանված անվտանգության կանոնակարգին և կարողացել են տարհանվել: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում», – նշված է հայտարարության մեջ:

Ընկերությունը նշել է, որ հետևում է իրավիճակին և գնահատում դրա հետևանքներն արտադրության գործընթացի վրա։

CNN հեռուստաալիքի տվյալներով՝ շենքի տանիքը «թղթի կտորի նման ճմռթվել է»։

Ինչպես հայտնում է CNN-ը, պտտահողմը տևել է մոտ կես ժամ և վնասել Հյուսիսային Կարոլինայի մի քանի քաղաքներ։ Տուժել է առնվազն 16 մարդ։ Pfizer-ի գործարանի մերձակայքում վնասվել են մի քանի շենքեր, փակվել է մերձակա խոշոր ավտոմայրուղին։

Pfizer ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, աշխարհի առաջատար դեղագործական ընկերություններից մեկն է: Այն, մասնավորապես, զբաղվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ։ 2020 թվականի դեկտեմբերին Pfizer-ի պատվաստանյութն ԱՄՆ-ի կարգավորող մարմնի կողմից արագացված ընթացակարգով հավաստագրվել է արտակարգ հանգամանքներում կիրառման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս