Բաժիններ՝

«Անչափ կարևոր է մարդկանց իրազեկվածության աստիճանի բարձրացումը»

Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրի էլեկտրոնային հարթակը կարևոր դերակատարություն ունի արդարադատության ողջ համակարգի թափանցիկության մակարդակի բարձրացման առումով։ Համատեղ ջանքերով իրականացվող ծրագիրն օժանդակելու է նաև Ոստիկանության բարեփոխումներին։

Այս տեսակետը հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի էլեկտրոնային հարթակի գործարկմանը նվիրված միջոցառման ժամանակ։

«Առանձնակի կարևոր է այս շրջանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը և դրանում լայն հասարակության տարբեր սեգմենտների մասնակցության հանգամանքը։ Այս էլեկտրոնային հարթակի գործարկումը թույլ կտա անմիջականորեն հետևել սահմանադրական բարեփոխումների առաջընթացին և տեղեկացված լինել կատարվող հիմնական աշխատանքների վերաբերյալ։ Հարթակի գործարկումը խարսխված է հարուստ փորձի և նմանատիպ կայքերի աշխատանքային հաջողությունների վրա»,- ասաց Ֆրենկ Հեսսը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին ընդգծեց միջագային գործընկերների աջակցույթամբ մշակված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի կարևորությունը, որի նպատակն է Մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների խրախուսումը Հայաստանում։

«Գործարկվող էլեկտրոնային հարթակը մշակվել է հենց այս ծրագրի շրջանակում և կոչված է հանգամանորեն ներկայացնել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որի շարունակականությունը բխում է ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայությունից։ Մենք կաջակցենք ծրագրի իրագործման ընթացքին և լիահույս ենք, որ կտեսնենք իսկապես արդյունավետ մեխանիզմների գործարկում։ Անչափ կարևոր է նաև մարդկանց իրազեկվածության աստիճանի բարձրացումը, ինչին մեծապես կնպաստի էլեկտրոնային հարթակի գործարկումը, որը հնարավորություն կընձեռի նաև մոնիթորինգ անցկացնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,- ասաց ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը։

Հավելենք, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ու ՄԱԶԾ-ի, ՄԱԲՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի նպատակն է աջակցել արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա։ Ծրագրը կոչված է նպաստելու հանրային ծառայությունների մատուցման ամրապնդմանը, անվտանգության ոլորտի կառավարման բարեփոխումների աջակցությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացի խթանմանը:

Ծրագիրն աջակցում է Հայաստանի ու ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից նշված համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացմանն ուղղված ջանքերին՝ կարևորելով պետական ինստիտուտների և կառավարման համակարգի ամրապնդումը, անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Ծրագիրն անդրադառնում է նաև իրավահավասարությանը, խտրականության բացառմանը և խոցելի խմբերի պաշտպանության խնդիրներին, կազմված է ազգային բարեփոխումների առաջնահերթությունների վրա հիմնված երեք բաղադրիչներից՝ Մարդու իրավունքների պաշտպանություն, Ոստիկանության բարեփոխումներ, Սահմանադրական բարեփոխումներ։ Ծրագրի բյուջեն կազմում է 2,071,650 եվրո, 2,444,753 դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս