
Ամստերդամն արգելել է զբոսանավերի մուտքը

Ամստերդամի քաղաքային խորհուրդն արգելել է զբոսաշրջային նավերի մուտքը քաղաքի կենտրոն՝ փորձելով սահմանափակել այցելուների թիվը և նվազեցնել աղտոտվածությունը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, դա նշանակում է, որ Նիդերլանդների մայրաքաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ գտնվող Էյ գետի վրայի կենտրոնական զբոսանավային տերմինալը կփակվի:
Դա քաղաքում զանգվածային զբոսաշրջության դեմ պայքարի վերջին միջոցառումներից մեկն է․ Ամստերդամում տարեկան 100-ից ավելի զբոսանավ է կառանում:
«Քաղաքի կենտրոնում զբոսանավերը չեն համապատասխանում Ամստերդամի՝ զբոսաշրջիկների թիվը կրճատելու խնդրին», – BBC-ն մեջբերում է լիբերալ D66 կուսակցությունից Իլանա Ռուդերկերկի խոսքերը:
Անցյալ տարի Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման նույնպես դժգոհել էր՝ նշելով, որ զբոսանավի ուղևորները մի քանի ժամով մտնում են քաղաք, սնվում և ժամանակ չեն ունենում թանգարաններ այցելելու՝ այսպիսով, քիչ բան անելով քաղաքի համար:
Զբոսաշրջային նավերի մուտքն արգելելու մյուս հիմնական պատճառն Ամստերդամի օդի աղտոտվածության մակարդակի իջեցումն է: 2021 թ․-ին մեկ մեծ զբոսանավի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մեկ օրում արտադրել է նույնքան ազոտի օքսիդ, որքան 30 000 բեռնատարները:
Ըստ BBC-ի՝ Ամստերդամը դարձել է սեփական հանրաճանաչության զոհը՝ գրավելով տարեկան 20 միլիոն այցելուի, որոնցից շատերին հրապուրում է զվարճանքների քաղաք լինելու՝ Ամստերդամի համբավը: