ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք կուղարկի երկու դեսանտային նավ` «Իրանին զսպելու համար»
Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք կուղարկի երկու նավ՝ ծովային դեսանտով` Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի գրավման ենթադրյալ փորձերի ֆոնին: Այդ մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «CENTCOM-ի պատասխանատվության գոտում առևտրային նավերի գրավման` Իրանի վերջին փորձերին ի պատասխան», ԱՄՆ պաշտպանության նախարարը կարգադրել է տարածաշրջան ուղարկել ամֆիբիա-դեսանտային խումբ՝ ծովային հետևակի էքսպեդիցիոն ջոկատ»:
Ինչպես պարզաբանվում է Պենտագոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ, լրացուցիչ ուժերը և սարքավորումները Հորմուզի նեղուց կուղարկվեն Bataan և Carter Hall դեսանտային նավերով: Նրանք կմտնեն խմբավորման կազմ, որը բաղկացած է Thomas Hudner էսկադրային ականակրից և F-35 ու F-16 կործանիչներից, որոնց ուղարկման մասին հայտարարվել է ավելի վաղ։
«Մենք կշարունակենք աշխատել համախոհ դաշնակիցների և գործընկերների հետ, որոնք հանձնառու են ապրանքների ազատ հոսքին՝ ձեռնարկելու համապատասխան, համակարգված գործողություններ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի այս հիմնարար սկզբունքի սպառնալիքների դեմ», – նշված է հաղորդագրությունում:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերն ավելի վաղ պնդել է, որ լրացուցիչ ուժերի ուղարկումը Մերձավոր Արևելք չի նշանակում Իրանի դեմ պատերազմի նախապատրաստում։
Իսկ Իրանի պաշտպանության նախարարությունը հերքել է Պենտագոնի հաղորդագրությունն այն մասին, թե հանրապետության ռազմածովային ուժերը փորձել են երկու նավթատար նավ գրավել Հորմուզի նեղուցի շրջանում և կրակ են բացել դրանցից մեկի վրա Օմանի ափերի մերձակայքի միջազգային ջրերում