Արցախում ինտերնետի անջատման դեպքում կապը կապահովի Zangi-ն
Արցախի կառավարության և հայկական Zangi ընկերության միջև ստորագրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին: Նախագիծը ArtsakhX կանվանվի։
«Մի քանի խնդիր ենք լուծել: Ամենակարևոր երկու խնդիրներն անվտանգության և հասանելիության խնդիրներն են: Արցախի՝ ինտերնետից անջատման դեպքում ոչ ամբողջական ֆունկցիոնալությամբ շարունակելու է աշխատել՝ ապահովելով կապ Արցախի ներսում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Zangi-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:
ArtsakhX-ը կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով: Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի տարածքում, որոնք կարողանալու են ապահովել տվյալների փոխանցում՝ թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապը ճնշելու և այն վատացնելու դեպքում:
Նրա խոսքով՝ աշխատանքները սկսել էին դեռ 6 ամիս առաջ, սակայն գաղափարը ծագել էր Ապրիլյան պատերազմից հետո, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր արցախցիների համար։
«ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից՝ ամբողջովին անհատույց սկզբունքներով»,- եզրափակեց Մարտիրոսյանը։
Կարինա Տերտերյան