Բուհերի դիմորդների համար մեկնարկել է լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը
Հայաստանյան բուհերի դիմորդների համար մեկնարկել է լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում միակ մասնագիտության համար մրցույթից դուրս են մնացել, բայց ունեն դրական միավորներ:
«Կարող են հայտագրվել թափուր տեղերի համար և մասնակցել լրացուցիչ մրցույթին։ Լրացուցիչ փուլի մրցույթի հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ն է։ Արդյունքները պարզ կլինեն հուլիսի 30-ին»,-ասաց Կարո Նասիբյանը։
Այս տարի բուհ դիմել է 13 հազար 314 մարդ։ Միասնական քննություն հանձնել է 10 հազար 966 դիմորդ։ Այս փուլում ընդունվածների թիվը կազմում է 9 հազար 147։ Հատկացված է եղել անվճար 2128 տեղ, որից ընդունվել է 1782 հոգի։ Վճարովի տեղերի թիվը 15 հազար 984 է, ընդունվել է 7 հազար 242 դիմորդ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիատական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի խոսքով, պետությունը մի շարք նախաձեռնություններով փորձում է համալրել այն մասնագիտությունների գծով թափուր տեղերը, որոնք առաջնային են ու ռազմավարական նշանակություն ունեն։ Մասնավորապես, բնագիտական, մաթեմատիկական, ճարտարագիտական ուղղություններով զինվորական ծառայությունից տարեկետման իրավունքի տրամադրման զուգակցմամբ հատկացվել են տեղեր։ Հաշվի առնելով տրված արտոնությունը՝ արդեն այդ ուղղություններով համալրումներ կան։
«Քիմիայի գծով ընդամենը մեկ անվճար թափուր տեղ է մնացել, մնացած բոլոր մասնագիտությունների գծով տեղերը համալրվել են՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, երկակի նշանակության ֆիզիկա, ատոմային էնեգետիկա, մեքենաշինություն, նյութերի մշակում, թռչող ապարատներ և ավիացիոն սարքավորումներ։ Նույնիսկ վճարովի տեղերում շատ քիչ թափուր տեղեր ունենք»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։