Հաղորդակցությունը բևեռացման ժամանակներում. «ԱքսելՄոնդրիանի» գլխավոր տնօրենի ելույթը EACD գագաթնաժողովում
Վերջին 5 տարում բիզնեսների 68,6%-ը առնվազն մեկ հանրային ճգնաժամ է ունեցել, և այդ ճգնաժամերի 19,2%-ը վերածվել է դատական պրոցեսների: Հեղինակության ճգնաժամ արձանագրած ընկերությունների միայն 16%-ն է վերականգնել սեփական հեղինակությունը:
Սա մեջբերում է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերության կառավարման գործընկեր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանի ելույթից, որը նա որպես հրավիրյալ խոսնակ ներկայացրել է Բրյուսելում՝ Հաղորդակցության տնօրենների եվրոպական ասոցիացիայի (EACD) գագաթնաժողովում:
Շուշան Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է «հեղինակության լվացման» (reputational laundering) աճող նախադեպերին, երբ դատավարության մասնակիցներն իրավական գործընթացներն օգտագործում են թե դատարանի որոշման, թե հանրային կարծիքի վրա ազդելու համար:
«Այսօր դատարանը ոչ թե իրավունքի ճանաչման, այլ հանրային կարծիքի ուղղորդման հարթակներից մեկն է դարձել, որտեղ բիզնեսներն ու առաջնորդները մրցակցին շարքից հանելու կամ սեփական հեղինակությունը վերականգնելու օրակարգն են առաջ տանում: Ընդ որում, նման դեպքերում դատարանի վճիռն արդեն էական չէ, կարևորը աղմկոտ, լուսաբանվող ու էմոցիոնալ նարատիվն է»,-նշել է Շուշան Հարությունյանը՝ հավելելով, որ մասնագիտական էթիկան ավելի քան երբևէ վերագտնում է սեփական կարևորությունը:
Այս տարի EACD գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում էին Հաղորդակցության ապագան և թվային օրակարգը, բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) թեմաները, տարբեր շահառուների միջև վստահության կառուցման հաղորդակցությունը: Քննարկելով ոլորտի նորագույն մարտահրավերները՝ Գագաթնաժողովն արձանագրել է, որ հասարակական բևեռացման ժամանակներում հաղորդակցությունն, ավելի քան երբևէ, կարևոր առաքելություն ունի:
2006թ-ին հիմնադրված Հաղորդակցության տնօրենների եվրոպական ասոցիացիան՝ 23 երկրների ներկայացուցիչներով, եվրոպական տարածաշրջանի ամենահարգված կառույցն է, իսկ այս տարվա գագաթնաժողովը Covid-19-ից հետո խոշորագույնն էր:
«ԱքսելՄոնդրիան և գործընկերները» ՓԲԸ-ն (AxelMondrian & Partners) եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական ընկերություն է, որը 2022թ-ից բացել է իր գրասենյակը Երևանում: Այն տարածաշրջանում հեղինակության կառավարման առաջին ընկերությունն է և գործընկերների հետ համատեղ ծառայություններ է մատուցում հանրային կապերի, բրենդինգային և մարկետինգային հաղորդակցության, տվյալների մշակման ու վերլուծության և հարակից ոլորտներում: