Բաժիններ՝

Ուկրաինան սկսել է ռազմադաշտում օգտագործել ԱՄՆ-ի կողմից տրամադրված կասետային զինամթերքը․ The Washington Post

Ուկրաինացի զինվորականները սկսել են ռուսական ուժերի դեմ մարտերում օգտագործել ԱՄՆ-ի կողմից տրամադրված կասետային զինամթերքը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին։

Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքը կիրառել են երկրի հարավ-արևելյան հատվածում՝ փորձելով ճեղքել լավ ամրացված ռուսական դիրքերը, որոնք դանդաղեցնում են ուկրաինական հակահարձակումը։ Բացի առաջնագծի դիրքերից, ակնկալվում է, որ կասետային զինամթերքը կօգտագործվի նաև Բախմուտի մերձակայքում, որն այժմ գտնվում է ՌԴ-ի վերահսկողության տակ։

Այս շաբաթ ավելի վաղ ուկրաինացի գնդապետ Ալեքսանդր Բակուլինը BBC-ին հայտնել էր, որ կասետային զինամթերքն անհրաժեշտ է «հակառակորդի հետևազորին առավելագույն վնաս հասցնելու համար», սակայն միևնույն ժամանակ նշել էր, որ այդ զինամթերքը չի լուծի ռազմաճակատում բոլոր խնդիրները։

Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու «դժվարին որոշումը» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայացրել էր օրեր առաջ։ Հուլիսի 13-ին ուկրաինացի գեներալ Ալեքսանդր Տառնավսկին հայտարարել էր, որ Կիևն արդեն ստացել է կասետային զինամթերք։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ հայտարարել է, որ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ, եթե երկրի դեմ օգտագործվի կասետային զինամթերք։

Ավելի քան 120 երկիր միացել է 2008 թ․-ին Օսլոյում ստորագրված կասետային զինամթերքի մասին կոնվենցիային, որն արգելում է կասետային ռումբերի օգտագործումը, մշակումը, արտադրությունը, պահեստավորումը և վաճառքը։ ԱՄՆ-ն այս կոնվենցիայի մասնակից երկիր չէ։

Այս զինամթերքը սովորաբար արձակում է մեծ թվով փոքր ռումբեր կամ մետաղի կտորներ, որոնք կարող են անխտիր զգալի վնաս հասցնել մեծ տարածքում՝ սպառնալով խաղաղ բնակչությանը: Այս ռումբերի չպայթած մասերը վտանգ են ներկայացնում նաև հակամարտության ավարտից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս