Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել
Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։
Երեխան տեղափոխվել է Սպիտակի ԲԿ դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։
Այս մասին գրված է Սպիտակի ԲԿ ֆեյսբուքյան էջում․
«Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձեւ պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝ շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։