Անկարան եռակողմ համաձայնագրի կողմ չէ․ Զախարովան մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը ՌԴ խաղաղապահ զորակազմի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Թուրքիան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրի կողմ չէ։ Այսպես է դիվանագետն արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ ռուսական խաղաղապահ զորակազմը 2025 թ․-ին պետք է լքի Լեռնային Ղարաբաղը։

«Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, և հենց այդ փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հենց այս փաստաթղթում հստակ ուրվագծվում են և՛ զորակազմի՝ տարածաշրջանում գտնվելու ժամկետները, և՛ հերթական 5-ամյա ժամկետով դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կարևոր կայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում։

«Դրա հիմնական գործառույթը հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է։ Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ դրա գործունեությունը տարածաշրջանում է՛լ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների, այդ թվում, կարծում եմ, Թուրքիայի շահերից», – շեշտել է Զախարովան։

Դիվանագետը նաև ընդգծել է «լավ համակարգված փոխգործակցությունը թուրք գործընկերների հետ Աղդամի տարածաշրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում»։

Տեսանյութեր

Լրահոս