Յոհաննեսբուրգի փողոցներից մեկում պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 48 վիրավոր
Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում հուլիսի 19-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, 48 մարդ՝ վիրավորվել, 34 մեքենա վնասվել է։ Այս մասին հաղորդում է SABC լրատվամիջոցը։
Պայթյունը տեղի է ունեցել Բրի փողոցում, որի հետևանքով շրջվել են տարբեր թեթև մարդատար մեքենաներ և միկրոավտոբուսներ։
Ըստ լրատվամիջոցի՝ պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ։ Ականատեսների խոսքով՝ պայթյունից առաջ գազի հոտ է զգացվել, սակայն EgoliGas ընկերությունը հայտնել է, որ որևէ խնդիր չի նկատել, իսկ տվյալ տարածքի բաժանորդների գազամատակարարումն անխափան կերպով շարունակվում է։
Գաուտենգ նահանգի ղեկավարը հայտնել է, որ պայթյունից հետո Յոհաննեսբուրգի մի քանի ճանապարհներ դեռ փակ են։