
Օքլենդում հրաձգություն է տեղի ունեցել Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ժամեր առաջ․ կան զոհեր և վիրավորներ

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, որտեղ հուլիսի 20-ին պետք է բացվի Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 6 մարդ՝ վիրավորվել։
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 7։22-ին՝ քաղաքի կենտրոնում գտնվող շինարարական հրապարակում։ 24-ամյա տղամարդը հրազենով մտել է շինհրապարակ։ Նա մինչ այդ հայտնի է եղել ոստիկանությանը ընտանեկան բռնության հետ կապված միջադեպերից և հոգեկան խնդիրներ է ունեցել։ Տղամարդը տնային կալանքի էր ենթարկված, սակայն թույլտվություն ուներ աշխատել տվյալ շինհրապարակում։ Նա սպանվել է ոստիկանների կողմից։
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է, որ հարձակումը չի դիտարկվում որպես ահաբեկչություն, և աշխարհի առաջնությունը կանցկացվի՝ ըստ պլանավորվածի։
Ավելի վաղ Օքլենդի քաղաքապետ Ուեյն Բրաունը հայտարարել էր, որ հրաձգությունը որևէ կերպ կապված չէ Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ։
Իր հերթին «ՖԻՖԱ»-ն ցավակցություն է հայտնել զոհերի և տուժածների ընտանիքներին՝ նշելով, որ կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ։