![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է․ Արցախի ՄԻՊ
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/1115807.jpg)
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակելու հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ սուպերմարկետն ամբողջությամբ դատարկ է։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը տառապանքներ է պատճառում 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի։
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղից հաղորդում է՝ փաստաթղթավորելով աղետալի հումանիտար հետևանքները և խնդրելով միջազգային անհապաղ միջամտության»,- գրել է Ստեփանյանը։
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից փակ է պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը․ նախ դա արվում էր կեղծ բնապահպանների ակցիայով, իսկ այնուհետև Ադրբեջանը անցակետ տեղադրեց միջանցքում, որը այս տարվա հունիսի 15-ից ամբողջությամբ փակվել է։