Բաժիններ՝

«Երևանում դասական համերգի մասնակցելը կարևոր է, սակայն համերգի մասնակցելու նպատակով մարզեր գնալը՝ առավել»

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 21-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգով:

Կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Մի կաթիլ մեղրը», «Գործուղում առողջարան» և այլն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասում է՝ համերգի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. տոմսերի մեծ մասն արդեն վաճառվել է։

«Մեր համերգներին հրավիրում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքին, բարձր տեխնոլոգիաների համայնքին, որոնք աջակցում են մեզ: Երբ Ալեքսանդր Եսայանի հետ քննարկում էինք հատուկ համերգ կազմակերպել ՏՏ համայնքի համար, պատկերացրինք, որ այդ համերգը հենց Գյումրիում պետք է կայանա: Երևանում դասական համերգի մասնակցելը կարևոր է, սակայն համերգի մասնակցելու նպատակով մարզեր գնալը՝ առավել»,- նշում է դիրիժորն ու հավելում՝ երեկոյին ներկա կլինի մաեստրոն՝ Տիգրան Մանսուրյանը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սերգեյ Սմբատյանն ընդգծում է՝ իր տեսադաշտում Սիմֆոնիկ նվագախումբը հավանաբար միակ կոլեկտիվն է, որը պատրաստվում է ներկայացնել համերգաշրջանը:

«Մեծագույն մշակույթ է ներկայացնել ոչ միայն համերգները, այլև համերգաշրջանը: Օգոստոսի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգանք «Սիմֆոնիկ Հայկո 50» էմոցիոնալ համերգով, որին շատ ենք սպասում, իսկ սեպտեմբերին կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը»,-տեղեկացնում է Սմբատյանը:

Նա շեշտում է՝ նվագախումբը կպատրաստվի ներկայացնել իրենց համերգաշրջանը, այն արտիստներին, որոնց հետ հանդես կգա համերգաշրջանի ընթացքում, որոնք արժանի են, որ հանրության լայն շրջանական իրենց ճանաչի:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս