Բաժիններ՝

Եվրոպայում ծայրահեղ շոգ եղանակը պահպանվում է․ Իտալիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում եղանակային վտանգի կարմիր մակարդակ է գործում

Իտալիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում շարունակում է պահպանվել ուժգին շոգի հետ կապված վտանգի կարմիր մակարդակը։ Բարձր ջերմաստիճան է սպասվում երկրի 23 քաղաքներում։ Կարմիր մակարդակը նշանակում է, որ շոգը սպառնալիք է ներկայացնում բոլորի համար, ոչ միայն խոցելի խմբերի։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից։

Ծայրահեղ շոգ եղանակը շարունակվում է եվրոպական տարբեր երկրներում, որոնցից մի քանիսում անտառային հրդեհներ են բռնկվել։ Հունաստանում անտառային հրդեհների պատճառով օրերս 1200 երեխա էր տարհանվել ամառային ճամբարից։

Հարավային Եվրոպայում հուլիսի 19-ին կանխատեսվել է 40C-ից բարձր ջերմաստիճան։ Իտալիայի Սարդինիա և Սիցիլիա կղզիներում ջերմաստիճանը կարող է հասնել 46C և 47C-ի։

Շոգի հետ կապված խնդիրներով բուժօգնության դիմած հիվանդների թիվն ավելացել է 20 %-ով։ Իտալիայի առողջապահության նախարարությունն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներին խնդրել է առանձին բուժանձնակազմ տրամադրել շոգի պատճառով բուժօգնության դիմած քաղաքացիներին։ Նման միջոցառումներ էին ձեռնարկվել 2020 թ․-ի սկզբին, երբ Իտալիան դարձավ Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնը։

Շոգի հետ կապված վտանգի կարմիր մակարդակը պահպանվում է նաև Իսպանիայում, Հունաստանում և Բալկանյան երկրների որոշ հատվածներում։

Թունիսում, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը որոշ հատվածներում կարող է հասնել 50C-ի։

Ինտենսիվ շոգեր են նաև ԱՄՆ-ում և Չինաստանում։

Գիտնականները բազմիցս նախազգուշացրել են, որ կլիմայի փոփոխության պատճառով տապի ալիքներն ավելի հաճախակի կդառնան, ավելի ինտենսիվ և ավելի երկարատև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս