Այգեձոր գյուղի բնակիչը խախտել էր ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները
Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Հերթական դեպքը, որը վերաբերում է ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելով՝ վնաս պատճառելուն, բացահայտել են ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։
Հուլիսի 18-ին Տավուշի ոստիկաններն օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվեցին դրական արդյունք։ Պարզվեց, որ Այգեձոր գյուղի մի բնակիչ այս տարվա ընթացքում Չինարի բնակավայրի սահմանամերձ մի տարածքից, վաճառելու նպատակով, հանել, ապա բեռնատարով տեղափոխել և գյուղում պահեստավորել էր շուրջ 15 ուղեբեռ ավազ։
Պարզվել է նաև, որ 60-ամյա տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց մի քանի ուղեբեռ ավազ էր վաճառել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։