Առայժմ Արևմուտքի կողմից տրամադրվելիք երաշխիքները տեսանելի չեն․ Դավիթ Հարությունով

Ամերիկյան կողմի հետ ռազմական ոլորտում Հայաստանի համագործակցությունն ունի տարիների պատմություն և սկզբունքորեն նոր բան չէ։ Եթե հաշվի առնենք նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջերս Ֆրանսիա կատարած այցը, ապա ակնհայտ է դառնում, որ հայկական կողմը ձգտում է արևմտյան գործընկերներից երաշխիքներ ստանալ թե՛ անվտանգային համակարգի առնչությամբ, թե՛ առկա մարտահրավերներին դիմակայելու համար ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելու, այլընտրանքային տարբերակներ գտնելու նկատառությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ խոսելով ռազմական բնագավառում Հայաստանի ու ԱՄՆ-ի համագործակցության մասին։

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին, որին շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնավորապես Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

«Հայկական կողմի ձգտումը միանգամայն հասկանալի է, քանի որ մեր անվտանգության համակարգն արտաքին երաշխիքների մասով որոշակի ճգնաժամի մեջ է՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության և դրանում Ռուսաստանի զբաղվածության հետ։ Այդուհանդերձ, համագործակցությունն ամերիկյան կողմի հետ օբյեկտիվ պատճառներով դեռ կրում է սահմանափակ բնույթ։ Դա առհասարակ դժվար գործընթաց է, և առայժմ Արևմուտքի կողմից տրամադրվելիք երաշխիքներն էլ տեսանելի չեն։ Խոսքն այստեղ ավելի շուտ դիվերսիֆիկացված համագործակցության մասին է, այլ ոչ թե Հայաստանի անվտանգային համակարգն արմատապես փոխելու»,- ասաց Հարությունովը։

Նրա դիտարկմամբ՝ համագործակցությունն ըստ էության վերաբերում է նշված համակարգի մոդիֆիկացմանը՝ ընդգրկելով նախորդ 20-30 տարիների աշխատանքային փորձը։ Պարզապես վերջին շրջանում Արևմուտքի տեսակարար կշիռն ավելացել է։ Բայց նույնիսկ այդ հանգամանքը չի նշանակում, որ արմատական փոփոխությունների համար հայկական կողմն այժմ ունի համապատասխան ռեսուրսներ։

«ԱՄՆ-ում հստակ գիտակցում են, որ Հայաստանն ավելի սերտորեն ինտեգրված է ՀԱՊԿ-ին և անվտանգության ոլորտում ավելի ընդգրկուն կապեր ունի Ռուսաստանի հետ, ուստի միանգամից ինչ-որ բան փոխելն ուղղակի անհնար է։ Բայց մյուս կողմից էլ՝ դա երկրորդական հանգամանք է, քանի որ ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներ բավականին արդյունավետ կերպով փոխգործակցում են նույն ԱՄՆ-ի հետ, և ՀԱՊԿ-ում լինելն ամենևին խանգարող գործոն չէ։ Այդուհանդերձ, Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար գերակա տարածաշրջան չի համարվում, և Վաշինգտոնում տեղի երկրները չեն ընկալվում որպես նրանց անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս», -նշեց վերլուծաբանը։

Ըստ նրա՝ կա այն մտայնությունը, որ սերտ ինտեգրացիան Արևմուտքի հետ կարող է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ մեր տարածաշրջանում։ Երկրորդ՝ ինտեգրման համար կպահանջվեն հսկայական ռեսուրսներ, որոնք սուղ են և հիմնականում ուղղված են ռուս-ուկրաինական հակամարտությանը, բացի այդ, կան նաև Արևելյան Ասիան ու Չինաստանը։ Երրորդ՝ սերտ համագործակցությունը ՀՀ-ի հետ կարող է հարուցել Թուրքիայի դժգոհությունը, քանի որ նույն ամերիկյան կողմի համար Թուրքիան ավելի բարձր դիրքում է, քան Հայաստանը։

«Մեր պարագայում անվտանգության համակարգն ու սպառազինությունների զինանոցը փոխելն անշուշտ ենթադրում է բավականին լուրջ միջոցների, մեծ գումարների առկայություն։ Լավագույն դեպքում կարող է խոսք լինել արևմտյան արտադրության առանձին տարրերի, դրանց սահմանափակ գնումների և դրանք մեր համակարգում ինտեգրելու մասին, ինչպես օրինակ հնդկական սպառազինության պարագայում։ Տեսականորեն ամերիկյան կողմը կարող է մեզ տրամադրել տարատեսակ սպառազինություն, բայց այդ տեխնիկան բավականին թանկ է։ Այնտեղ կան համակարգեր, որոնց ձեռքբերման համար մենք համապատասխան միջոցներ ու ռեսուրսներ չունենք։ Ի վերջո, ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրն առաջին հերթին աջակցում է իր դաշնակիցներին»,- պարազաբանեց վերլուծաբանը։

Հարությունովը մատնանշեց, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ընդհանուր առմամբ զարգանում է ՆԱՏՕ-ում գործող ծրագրի շրջանակում, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ում կառուցվածքային բարեփոխումների, տարատեսակ մասնագետներ պատրաստելու, երկու բանակների օպերատիվ փոխգործակցության, ինչպես նաև խաղաղապահ առաքելություններում ընդգրկված լինելու համատեքստում։

Մանվել Մարգարյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31