Հարգելի դատավորներ, այսօր է երևալու, թե դուք միասնական համայնք եք, թե՝ ոչ, պատրաստ եք նվաստացուցիչ պայմաններում աշխատել, թե՝ ոչ. Հարություն Հարությունյան
Հարություն Հարությունյանը գրում է. «Հարգելի գործընկերներ, դատավորներ, ինչպես գիտեք այսօր, ժամը 16:00-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում, ի թիվս ԲԴԽ անդամի ընտրության, դատավորները հնարավորություն ունեն նաև արտահայտելու իրենց վերաբերմունքը ԲԴԽ գործունեության վերաբերյալ:
Հարգելի դատավորներ,
այսօր է երևալու, թե դուք միասնական համայնք եք, թե՝ ոչ, պատրաստ եք նվաստացուցիչ պայմաններում աշխատել, թե՝ ոչ, ի վերջո դուք առանձին իշխանություն եք, թե՝ ոչ:
Վստահ եմ, որ դատավորների մեծ մասն ունի բավարար չափով արժանապատվության և անկախության զգացում և անկախ նեղ անձնական շահերից, գիտակցում է ստեղծված օրհասական իրավիճակի լրջությունը և պատրաստ է հանուն առաջին հերթին իրենց, մեր բոլորի և Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանության կայացման տեր կանգնելու իր խախտված իրավունքներին՝ փորձելով ուղղել դատական իշխանության մեջքը:
Այն, որ Կարեն Անդրեասյանը հեռացվելու և պատասխանատվության է ենթարկվելու, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում: Կազմակերպվեք և ինքներդ ձեզ և մեզ բոլորիս ցույց տվեք, որ դուք ուժ եք, ունեք ներքին անկախություն և կարող եք ձեզ պաշտպանել:
Առանց անկախ և արժանապատիվ դատավորների դատական համակարգը կործանված է: Հորդորում եմ անտարբեր չգտնվել, քանի որ հաջորդը հենց Դուք եք լինելու թիրախում և եթե հիմա դուք միմյանց չպաշտպանեք, վաղը ձեզ ոչ մեկ չի պաշտպանելու:
Ի դեպ, համառ լուրեր են շրջանառվում, որ Կարեն Անդրեասյանն առաջիկայում նշանակվելու է դեսպան, իսկ որոշ դեռ չճշտված տեղեկությունների համաձայն՝ վերջինս դեսպան կնշանակվի Նիդեռլանդների Թագավորությունում (Հոլանդիայում):
Բայց այդ դեպքում ևս, վերջինս չի ազատվելու քրեական պատասխանատվությունից»։