Լավ պայմաններում մարզվելով՝ ապագայում լավ արդյունքներ կգրանցենք. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կիլիկիա» մարզադահլիճի բացմանը
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, մարզաշխարհի երախտավորներ:
Ներկաները շրջել են հիմնանորոգված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, հետևել մարզիկների պարապմունքներին:
«Դժվար է գերագնահատել նման ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը: Սա մեր երեխաների համար առաջին հերթին սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպ ունենալու հնարավորություն է, որը մեծ նշանակություն ունի նաև հասարակության զարգացման համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ խաղային մարզաձևերի զարգացումը նախարարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է շարունակաբար խրախուսել երեխաների հետաքրքրվածությունն այդ մարզաձևերով.
«Դրանք բոլոր իմաստներով կարևոր են՝ թե՛ թիմային աշխատանք կատարելու, թե՛ միասին արդյունքի հասնելու, թե՛ սպորտային հաջողություններ գրանցելու առումով: Հույս ունեմ՝ ենթակառուցվածքների լավ պայմանները կնպաստեն, որ լավ արդյունքներ գրանցենք. սպասում ենք մեդալների»:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ևս հավաստել է՝ նման մարզադահլիճներ ունենալը կարևոր է թե՛ Կառավարության, թե՛ Երևանի քաղաքապետարանի համար:
«Մարզիչներին մեծ պահանջներ ներկայացնելու և նոր չեմպիոններ ունենալու համար նման պայմանները շատ կարևոր են: Այս ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական, որովհետև մեր երեխաները արժանի են լավ պայմանների»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել էր 24 մլն դրամ: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճում ապահովված են հիմնական պահանջները՝ կառույցի սեյսմակայունություն, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն, ներքին հաղորդակցման ուղիներ (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջեռուցում), օդափոխություն, տեսահսկման համակարգերի կառուցում կամ հիմնանորոգում, տարածքի բարեկարգում, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարում և այլն:
Ապրիլին կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնության շրջանակում «Կիլիկիա» մարզադահլիճը դարձել էր ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ:
Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ռոման Ամոյանի խոսքով՝ արդեն իսկ շուրջ 150 երեխա է հաճախում մարզադպրոց, նոր հաստիքացուցակով աշխատում է 12 մարզիչ.
«Մենք մարզվել ենք մութ ու ցուրտ տարիներին և արդյունք ենք տվել, որովհետև սիրել ենք սպորտը, իսկ այսպիսի դահլիճներում ավելի մեծ է մարզվելու ցանկությունը: Այս պայմանները հնարավորություն են մարզիչների և երեխաների համար՝ կրթվելու, մարզվելու և զարգացնելու սպորտը»:
Բադմինթոնի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը ևս փաստել է, որ մեծ հաջողություններ գրանցելու նախապայմաններն ապահովված են, ինչը կնպաստի մարզաձևի զարգացմանը Հայաստանում:
Օգոստոսի 5-ին Հայաստանի թիմը մասնակցելու է մինչև 17 տարեկանների Եվրոպայի բադմինթոնի առաջնությանը: