Վոլեյբոլի ֆեդերացիան Մ22 տարեկանների ենթախմբային մրցաշարի անցկացումը կարևոր փուլ է համարում 2025 թվականի մրցաշարից առաջ
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համար Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարի անցկացումը նախապատրաստական կարևոր է փուլ է 2025 թվականի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ:
«Առաջին անգամն է, որ Եվրոպայի առաջնության ենթախմբային առաջնություն ենք անցկացնում: Բարձր մակարդակի մրցաշար է, և մասնակից թիմերն էլ են բարձր որակավորման թիմեր: Ֆեդերացիան շատ է կարևորում նմանատիպ մրցաշարի անցկացումը, քանի որ 2025 թվականին ունենք անցկացնելու բուն Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունը, որին կմասնակցեն 16 երկիրներ: Այս առաջնությամբ նախապատրաստվում ենք Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Վերջինիս խոսքով` ենթախմբային մրցաշարը հայ վոլեյբոլիստների համար մեծ փորձ կլինի, և դրան մասնակցելն արդեն իսկ ձեռքբերումների շարքին է դասվում:
«Մրցաշարի անցկացումը պատանիների և երիտասարդների համար նոր խթան կլինի այս մարզաձևով զբաղվելու համար: 2020 թվականից մինչ օրս մարզաձևով զբաղվողների թիվը կրկնապատկվել է»,-ասաց նա:
Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնական-մարզական համալիրում հուլիսի 21-23-ը ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը: Մրցաշարի մուտքն ազատ է:
Հայաստանի հավաքականը խաղերի օրերն են` հուլիսի 21՝ Հայաստան-Պորտուգալիա, հուլիսի 22՝ Հայաստան-Դանիա, հուլիսի 23՝ Հայաստան-Ֆրանսիա: Բոլոր խաղերը կմեկնարկեն 17:30-ին: