Հարավային Եվրոպայում, ԱՄՆ-ում և Չինաստանում ռեկորդային տապը շարունակվում է
Եվրոպայում, ԱՄՆ-ում և Չինաստանում շարունակվում է ծայրահեղ շոգ եղանակը։ Անցյալ շաբաթ հարավային Եվրոպային պատուհասած «Կերբերոս» տապի ալիքին այս շաբաթ փոխարինելու է եկել «Քարոն»-ը։
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, Իսպանիայի Լա Պալմա կղզուց առնվազն 4000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով, որոնք դուրս են եկել վերահսկողությունից։ Հունիսի 15-ից սկսված հրդեհներն այրել են 4650 հեկտար տարածություն և ոչնչացրել առնվազն 20 տուն։ Իտալիայի 16 քաղաքներում եղանակային անբարենպաստ պայմանների կարմիր մակարդակ է հայտարարվել։
Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Հունաստանում սպասվում է Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանից բարձր ջերմաստիճան։ Իտալիայում, Հունաստանում, Թուրքիայում և Բալկանյան երկրներում նախազգուշացրել են ջերմաստիճանի ռեկորդային բարձրացման մասին։
Ըստ Բրիտանիայի ազգային օդերևութաբանական ծառայության՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան Սինծիան նահանգում արձանագրվել է երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը։ Սանբաո գյուղում հուլիսի 16-ին սնդիկի սյունը հասել է 52,2 աստիճանի։
ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում տապի ալիքի պատճառով միլիոնավոր մարդկանց ծայրահեղ շոգի հետ կապված նախազգուշացումներ են ուղարկվել․ օդերևութաբանները կանխատեսում են, որ ջերմաստիճանային ռեկորդները կգերազանցվեն։ Կալիֆորնիայում հուլիսի 16-ին գրանցվել է 53,9 աստիճան տաքություն․ երկրագնդի վրա մինչ օրս գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 56,7 աստիճան։
Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ գլոբալ տաքացման հետևանքով ծայրահեղ եղանակային պայմանները «ցավոք, դառնում են նոր նորմա»։