
Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի

Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում hուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլել է հեղինակավոր մրցույթի բեմում։
Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգն՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունն՝ արժանանալով 69 միավորի:
Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակել է 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողն ու արժանանալով Գրան Պրի մրցանակի: Հայաստանն առաջին անգամ է հաղթող ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։
«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի է արժանացել Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվել է Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների միջև, իսկ 3-րդ մրցանակը բաժին է հասել Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Հուլիսի 12-14-ը կայացած «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների մրցույթում Հայաստանի փոքրիկ պատվիրակ 10-ամյա Անահիտ Գալստյանը, մրցութային երկու օրերին դառնալով ֆավորիտներից մեկը, 133 միավորով զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը: