Մեր միջազգային գործընկերները և ռազմավարական դաշնակիցը պետք է հստակ տարբերակեն՝այն, ինչ բանավոր ասել է Փաշինյանը, չպիտի ունենա ավելի բարձր կարգավիճակ, քան Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. Հայկ Մամիջանյան
«Այն կարծիքը, որ աշխարհը ցանկանում կամ ակնկալում է, որ Հայաստանն ընդունի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, շատ սխալ է, որովհետև դրա համար կան մի շարք նախապայմաններ»,-168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով միջազգային դերակատարների՝ Ժոզեֆ Բորելի, Շառլ Միշելի ու ՌԴ ԱԳՆ-ի հայտարարություններին, ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ)«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ եթե 5 տարի աառաջ եղած իրերի դրության տրամաբանության մեջ հարցը դիտարկենք, ապա Նիկոլ Փաշինյանի ստացած ժառանգությունը համանախագահ երկրների մակարդակով արված 5 հայտարարություններն են, որտեղ ինքնորոշման իրավունքը հստակ ֆիքսվում է:
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք:
Իսկ ՌԴ ԱԳՆ-ն էլ օրեր առաջ հայտարարեց՝ Երևանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և ԼՂ հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա:
Իսկ Շառլ Միշելի՝ երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքը կազմում է 29800 ք/կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86600 ք/կմ»:
«Վերջին շրջանում միջազգային տարբեր կառույցների և բարձրաստիճան դիվանագետների հնչեցրած հայտարարությունների հետ կապված՝ կցանկանայի ասել, որ վերլուծելով արևմտյան պաշտոնյաների հայտարարությունները՝ ինձ մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ նույն Եվրոպական խորհրդարանը բոլորովին վերջերս Հայաստանի վերաբերյալ զեկույց է ընդունել, որտեղ նույնպես նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի կարգավորվի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա: Հիշեցնեմ նաև, որ պատերազմից հետո Բորելն ինքը դա ասել է: Էլ չեմ ասում այն մասին, որ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված CEPA-ն, որը ռատիֆիկացիա էանցել ԵՄ անդամ բոլոր երկրների Պառլամենտերում, այսինքն՝ այդ երկրներում ունի օրենքի կարգավիճակ, չի կարող չլինել հիմնավոր Ժոզեֆ Բորելի կամ Շառլ Միշելի համար: Հետևաբար ցանկալի կլիներ, որ իրենց հայտարարություները ներդաշնակեցված լինեին իրենց վերազգային և ազգային օրենսդիր մարմինների ընդունած օրենքների, միջազգային համաձայնագրերի հետ: Ուստի առնվազն տարակուսելի է, որ փաստացի ԵՄ ինստիտուտների գործադիր թևը հակասում է օրենսդիր թևին»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Հայկ Մամիջանյանը հիշեցրեց նաև, որ բոլորովին վերջերս Գերմանիայի կանցլերը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վերահաստատեց ինքնորոշման իրավունքի կարևորությունը, ուստի խոսել Ղարաբաղյան հակամարտությունից ու չմատնանշել ինքնորոշման իրավունքը, կամ խոսել Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելու երկընտրանքի բացակայության մասին, ճիշտ չէ:
«Ինչ վերաբերում ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, պիտի ասեմ՝ այնտեղ փաստված է այն, ինչի մասին մենք խոսում ենք տևական ժամանակ: Դա այն է, որ բանակցային այս աղետալի վիճակի, Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և իր անմիտ ու հակահայկական արտաքին քաղաքականությունը»,-ասաց Հայկ Մամիջանյանը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց նաև, որ տողատակերում հստակորեն կարող ենք ընթերցել նաև, որ առկա էին այլ, Հայաստանի համար այլ բարենպաստ լուծման հնարավորություններ, որոնք դիտմամբ կամ անմտության արդյունքում մսխվել են ՀՀ այսօրվա կառավարիչների կողմից:
«Ցանկալի կլիներ նաև հստակություն մտցնել, թե ինչու է ՌԴ-ն հղում կատարում Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությանը՝ կապված Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ, և այն ավելի բարձր է դասում, քան, օրինակ, Նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,-ասաց Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորը նկատեց՝ համարում է, որ մեր միջազգային գործընկերները և ռազմավարական դաշնակիցը պետք է հստակ տարբերակեն, որ այն, ինչ բանավոր ասել է Նիկոլ Փաշինյանը, չպիտի համարվի ՀՀ դիրքորոշում և ունենա ավելի բարձր կարգավիճակ, քան ստորագրված միջազգային փաստաթուղթը:
«Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ կետ կամ հղում չկա այն փաստին, որ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Այդ հայտարարությունը թեպետ կապիտուլյացիոն հայտարարություն է, և բազմիցս ենք խոսել դրա հետևանքների մասին, բայց աներկբա կարող ենք ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու հավանականություն այդ հայտարարությունը չէր ենթադրում»,-եզրափակեց Հայկ Մամիջանյանը: