
Եվրահանձնաժողովի ղեկավարը դատապարտել է Ռուսաստանի որոշումը հացահատիկի գործարքը չերկարաձգելու մասին

Եվրամիությունը դատապարտում է հացահատիկի գործարքին մասնակցությունը չերկարաձգելու մասին Ռուսաստանի որոշումը։ Հուլիսի 17-ին այդ մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու` Ռուսաստանի որոշումը նա անվանել է «ցինիկ քայլ»։
«Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի ցինիկ քայլը՝ դադարեցնելու Հացահատիկի սևծովյան նախաձեռնությունը՝ չնայած ՄԱԿ-ի և Թուրքիայի ջանքերին», – գրել է ֆոն դեր Լայենը։
Նա հավելել է, որ «ԵՄ-ն աշխատում է՝ ապահովելու աշխարհի բնակչության խոցելի խավերի պարենային անվտանգությունը» և կշարունակի Ուկրաինայից պարեն մատակարարել աշխարհի շուկաներ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ թուրքական և ուկրաինական կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի քարտուղարությանը տեղեկացրել է այն մասին, որ դեմ է Ստամբուլյան համաձայնագրերի երկարաձգմանը։ Ըստ գերատեսչության՝ սա նշանակում է սևծովյան միջանցքում նավագնացության անվտանգության երաշխիքների չեղարկում, ծովային հումանիտար միջանցքի փակում, Սև ծովի հյուսիս-արևմտյան ջրատարածքում ժամանակավոր վտանգավոր տարածքի ռեժիմի վերականգնում և Ստամբուլում համատեղ համակարգման կենտրոնի լուծարում: