
Վերանորոգման ընթացքում պատերը քանդելու պատճառով Կահիրեում 5-հարկանի շենք է փլուզվել․ կա 9 զոհ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 5-հարկանի բնակելի շենք է փլուզվել, որի հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել։ Փրկարարները դեռ փլատակների տակ շարունակում են որոնումները։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 ողջ մնացածների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իշխանությունները տարհանել են հարևան շենքի բնակիչներին։
Կահիրեի նահանգապետի տեղակալը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ փլուզման պատճառ է դարձել այն, որ առաջին հարկի բնակիչներից մեկը վերանորոգման ժամանակ քանդել է պատերի մի մասը։ Տվյալ անձը ձերբակալվել է։