ՌԴ-ն հետ է կանչում սևծովյան միջանցքում նավագնացության անվտանգության երաշխիքները․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը «հացահատիկի գործարքը» չերկարաձգելու մասին
Ռուսաստանը թուրքական և ուկրաինական կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի քարտուղարությանը տեղեկացրել է այն մասին, որ դեմ է Ստամբուլյան համաձայնագրերի երկարաձգմանը։ Առանց Ռուսաստանի մասնակցության՝ «սևծովյան նախաձեռնությունը» հուլիսի 18-ից դադարեցնում է իր գործողությունը։ Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։
«Սա նշանակում է նավագնացության անվտանգության երաշխիքների չեղարկում, ծովային հումանիտար միջանցքի փակում, Սև ծովի հյուսիս-արևմտյան ջրատարածքում ժամանակավոր վտանգավոր տարածքի ռեժիմի վերականգնում և Ստամբուլում համատեղ համակարգման կենտրոնի լուծարում», – նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում։
Գերատեսչությունում նշել են, որ եվրոպական երկրները կարող են ուկրաինական պարենամթերքը դուրս բերել ցամաքային ճանապարհներով, իսկ եթե իսկապես կարևորում են «սևծովյան նախաձեռնությունը», ապա պետք է լրջորեն մտածեն գործարքով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման, ռուսական պարարտանյութերի և պարենամթերքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ այդ դեպքում Մոսկվան պատրաստ կլինի դիտարկել գործարքի վերականգնումը։
Հայտարարության մեջ Ռուսաստանը ներկայացնում է Ստամբուլում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կնքված համաձայնագրերի ընդհանուր բովանդակությունը՝ նշելով, որ «հացահատիկի գործարքի» շրջանակներում աղքատ երկրներին, մասնավորապես՝ Եթովպիային, Եմենին, Աֆղանստանին, Սուդանին և Սոմալիին բաժին է հասել ուկրաինական պարենամթերքի 3 %-ից պակասը, իսկ 70 %-ից ավելին, Մոսկվայի հավաստիացմամբ, ուղարկվել է բարձր և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ, այդ թվում՝ ԵՄ։ Իսկ ռուսական պարարտանյութերի և պարենամթերքի արտահանման, դրանց արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների և մասերի ներկրման հետ կապված պարտավորությունները, ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության, չեն կատարվել։