Բաժիններ՝

ՌԴ-ն հրաժարվել է «հացահատիկի գործարքի» երկարաձգումից

Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Կրեմլում դա պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

«Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտարարվել է դեռևս Ղրիմի կամրջի վրա հարձակումից առաջ, և հարձակումը չի ազդի այդ դիրքորոշման վրա։

ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ լույս հուլիսի 17-ի գիշերը ժամը 03։05-ին Ղրիմի կամրջի վրա հարձակում է իրականացվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Միջադեպի հետևանքով զոհվել է 1 տղամարդ և 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս