Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի
Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին:
Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ:
Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները:
«Մյասնիկյան պողոտայում հանդիպակաց տրանսպորտային հոսքերի ուղղությունների երթևեկության ինտենսիվությունը նույն ժամանակահատվածի համար ցայտուն կերպով անհամաչափ է: Առավոտյան ժամերին՝ 08:15-09:15 դեպի Կենտրոն ուղղությամբ տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը կազմում է 3768 միավոր/ժամ, իսկ դեպի Ավան տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը՝ 2472 միավոր/ժամ: Տրանսպորտային հոսքերը միմյանցից տարբերվում են 1296 միավոր/ժամով: Իսկ երեկոյան ժամերին 17:40-18:40 դեպի Կենտրոն ուղղությամբ տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը կազմում է 3027 միավոր/ժամ, իսկ դեպի Ավան տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը՝ 4286 միավոր/ժամ: Միմյանցից տարբերվում են 1258 միավոր/ժամով»,-ասաց Գրիգորյանը:
Նա հավելեց՝ հաշվի առնելով կատարված ուսումնասիրությունները՝ նախատեսվում է ձեռք բերել որոշակի տիպի ավտոմեքենա, որը հնարավորություն կտա առավել ծանրաբեռնված ժամերին, նաև խցանումների ժամանակ ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված հատուկ պատնեշները: