Բաժիններ՝

Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատարին կանչել են ԱԳՆ՝ կլինիկայում Սաակաշվիլիի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով

Թբիլիսիում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Ժակին կանչել են Վրաստանի ԱԳՆ՝ լեհ բժշկի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով․ բժիշկը, ինչպես հաղորդվում է, փորձել էր «Վիվամեդ» կլինիկայից դուրս տանել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված անալիզները։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

Հուլիսի 14-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել էր, որ Սաակաշվիլիին զննելու համար Վրաստան ժամանած լեհ բժիշկներից մեկը փորձել է «Վիվամեդ» կլինիկայից դուրս տանել Վրաստանի նախկին ղեկավարից վերցված անալիզները՝ դրանք թաքցնելով կոշիկների մեջ։ Ի հաստատումն դրա՝ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր համապատասխան կադրեր։ Բրեգաձեն հրապարակայնորեն դիմել էր Վրաստանի ԱԳՆ-ին և խնդրել, որ գերատեսչությունը հետաքրքրվի այդ առիթով պաշտոնական Վարշավայի դիրքորոշմամբ։

Սաակաշվիլին Վրաստանը լքել էր 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ հարուցվել էր չորս քրեական գործ, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, բայց ձերբակալվել էր։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Սաակաշվիլին առողջական ծանր վիճակ է ձևացնում բանտարկությունից ազատվելու նպատակով։

Անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանի արդարադատության նախարարը Սաակաշվիլիի ընտանիքին առաջարկել էր երկիր հրավիրել ցանկացած օտարերկրյա բժշկի, եթե նրանք չեն վստահում վրացի մասնագետներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս