Հարավային Կորեայում հեղեղների զոհերի և անհետ կորածների թիվը հասել է 49-ի
Հարավային Կորեայի կենտրոնական հատվածում հեղեղների հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը հասել է 49-ի այն բանից հետո, երբ փրկարարները հեղեղված ստորգետնյա ճանապարհից դուրս են բերել ևս 4 հոգու մարմին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հեղեղներից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի։
Չհոնջու քաղաքի ստորգետնյա ճանապարհը հեղեղվել էր հուլիսի 15-ին, երբ մոտակայքում հոսող գետը դուրս էր եկել ափերից։ Ամբողջ երկրում հեղեղների զոհերի թիվը 40 է։ 9 մարդ անհետ կորած է, 34 մարդ վիրավորվել է։
Հեղեղների պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել տներից, վնասվել է 628 պետական հաստատություն, 317 մասնավոր սեփականություն, այդ թվում՝ 146 ճանապարհ, որոնք փլուզվել են։ Շուրջ 28 հազար տուն զրկվել է էլեկտրականությունից։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Հարավային Կորեայի կենտրոնական և հարավային շրջաններում, որոնք արդեն իսկ տուժել են հորդառատ անձրևներից, հուլիսի 18-ին դարձյալ հեղեղներ են սպասվում։