
«Այսպիսի գնով խաղաղություն մեզ պետք չէ․ Մեզ խաղաղություն պետք է՝ արժանապատիվ ձևով»․ Գուրգեն Ներսիսյանն արցախցիներին կոչ արեց չվհատվել և պայքարել

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ զիջումների և արցախցիների տառապանքի գնով «խաղաղություն» իրենց պետք չէ, Արցախին պետք է արժանապատիվ խաղաղություն։
«Հետպատերազմյան շրջանում մենք լսել ենք բազմաթիվ քննարկումներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից՝ նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, բայց այդ ամենից հետո մենք այդպես էլ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություն և խաղաղասեր վերաբերմունք Արցախի ժողովրդի նկատմամբ որևէ տեղից չտեսանք։
Այս դեպքում Արցախի ժողովուրդն իրավունք ունի հրապարակայնորեն հարցնելու՝ հանուն ինչի ՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովուրդը ոչ միայն ամեն օր տուժում է, այլև այդ ամենից հետո ամեն օր խորանում է Արցախի ժողովրդի վիճակը, ծանրանում է Արցախի ժողովրդի ուսերին թողնված բեռը, զրկանքների ու տառապանքների մեջ են գտնվում Արցախում ապրող երեխաները»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը։
«Եթե մենք խաղաղություն ենք ուզում այսպիսի գնով, ուրեմն խաղաղություն պետք չէ»,- շեշտեց Արցախի պետնախարարը։
«Մեզ խաղաղություն պետք է արժանապատիվ ձևով, մեր ժողովրդին խաղաղություն պետք է սեփական իրավունքները և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով»,- խոսքը շարունակեց նա։
Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրապետության քաղաքացիներին կոչ արեց չվհատվել՝ անկախ իրենց շուրջ տեղի ունեցողից և պայքարել։
«Արցախի ժողովուրդն ունակ է սեփական պայքարով, սեփական օրինակով դաստիարակելու և բացատրելու բոլորին, ցույց տալու ճշմարիտ ուղին, որը կարող է տանել միայն դեպի հաղթանակ։ Պետք չէ վհատվել և պետք է շարունակաբար պայքարել, աշխատել»,- ասաց Արցախի պետնախարարը։