Բաժիններ՝

Հարավային Եվրոպայում ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային 48 աստիճանի․ տապի ալիքի պատճառով Ակրոպոլիսը կփակի դռները

«Կերբերոս» անվանումը ստացած տապի ալիքի պատճառով Եվրոպայի մի շարք տեսարժան վայրերում զբոսաշրջիկների ուշագնացության դեպքեր են գրանցվել, Իտալիայի հյուսիսում մեկ մարդ է մահացել։ Սիցիլիայում ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային +48C-ի: Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։

Աթենքի հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող Ակրոպոլիսը հուլիսի 14-ին հայտարարել է տեղի ժամանակով ցերեկվա ժամը 12-15-ն իր դռները փակելու մասին՝ զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ջերմաստիճանը հասնում է շուրջ +40C-ի։ Այսօր ավելի վաղ Ակրոպոլիսի դիմաց մեկ կին ուշագնաց էր եղել, նրան պատգարակով տարել էին շտապօգնության աշխատակիցները։

Պարբերականը նշում է, որ Իսպանիայում ջերմաստիճանը հասել է +45C-ի, Կիպրոսում ցերեկային ժամերին փողոցները դատարկվել են, իսկ Հունաստանի մի քանի շրջաններում անտառային հրդեհներ են սկսվել։

BBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ մեկ բրիտանացի զբոսաշրջիկ ուշագնաց է եղեկ Հռոմի Կոլիզեումի մոտ։ Իսկ օրերս շուրջ 40 տարեկան մի տղամարդ մահացել էր Իտալիայի հյուսիսում։ Իտալիայի 10 քաղաքներում, այդ թվում՝ Ֆլորենցիայում և Հռոմում, եղանակային վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։

Ըստ կանխատեսումների՝ Եվրոպայում տապի ալիքը կշարունակվի նաև հաջորդ շաբաթ Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Խորվաթիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս