
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 13-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին:
Կենտրոնի հիմնադիրը նախագահին է ներկայացրել դպրոցում ստեղծված արվեստանոցային պայմանները, կատարվող աշխատանքները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև դպրոցում իրականացվող տարբեր միջոցառումները։
Նախագահը շրջայց է կատարել նաև Կողբ գյուղի արվեստի դպրոցի հարևանությամբ կառուցվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ դեռևս շինարարական փուլում գտնվող տարածքում, որտեղ կենտրոնի գործառնական բաժնի ղեկավար Թերեզա Քարիմյանը ներկայացրել է ապագա ծրագրերն ու աշխատանքները։