
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք մինչև 2030 թվականը ռազմական ծախսերին 413 միլիարդ եվրո հատկացնելու մասին

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել ռազմական պլանավորման օրենքին, որը նախատեսում է 2024-2030 թվականներին 413 միլիարդ եվրոյի հատկացում ռազմական ծախսերի համար: Փաստաթղթի վերջնական քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Ֆրանսիայի Սենատում (խորհրդարանի վերին պալատում)։
Կառավարության օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 313 խորհրդարանական, դեմ՝ 17-ը։
Փաստաթղթի հեղինակները, մասնավորապես, առաջարկել են մինչև 2030 թվականը հատկացնել 16 միլիարդ եվրո՝ ռազմամթերքի պաշարների համալրման, 5 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի գնման, 5 միլիարդ եվրո՝ հետախուզության աշխատանքի, 2 միլիարդ եվրո՝ օդատիեզերական ուժերի արդիականացման համար: Բացի այդ, օրենքը նախատեսում է Rafale կործանիչների արտադրության ծրագրի երկարաձգում։ 2027 թվականից երեք տարվա ընթացքում նախատեսվում է 42 կործանիչի արտադրություն։
Կառավարությունը նաև ենթադրում է այդ ժամանակահատվածում ավելացնել Jaguar մարտական հետախուզական մեքենաների արտադրությունը մինչև 238 միավոր, իսկ Griffon զրահապատ մեքենաների թիվը հասցնել 1 437 միավորի: