Մեկնարկել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը, որին նախորդել է Ստոլտենբերգ-Զելենսկի մամուլի ասուլիսը

Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խորհրդի նիստի բացմանը ողջունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ նիստի անցկացումն անվանելով «պատմական պահ»։

«Այսօր մենք հանդիպում ենք որպես հավասարներ, և ես սպասում են այն օրվան, երբ մենք կհանդիպենք որպես դաշնակիցներ», – ասել է Ստոլտենբերգը։

Այնուհետև նիստը շարունակվել է լրագրողների համար փակ ռեժիմով։

Նիստի մեկնարկից առաջ Ստոլտենբերգը և Զելենսկին համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել՝ հայտարարելով երեք մասից բաղկացած փաթեթի մասին, որի շնորհիվ Ուկրաինան ավելի կմոտենա ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ դրանցից մեկը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծումն է, որի շրջանակներում Ուկրաինան և ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ որպես հավասարներ, կանցկացնեն ճգնաժամային իրավիճակների շուրջ խորհրդակցություններ և համատեղ որոշումներ կկայացնեն։

Փաթեթը ներառում է նաև Ուկրաինայի զինված ուժերին երկարաժամկետ օգնություն՝ անցնելու ՆԱՏՕ-ի տեխնիկայի և չափանիշների։

Բացի այդ, դաշնակիցները վերահաստատել են, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ և համաձայնել են վերացնել Անդամակցության գործողությունների պլանի պահանջը, որի շնորհիվ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կարող է դառնալ ոչ թե երկու, այլ մեկ քայլի միջոցով։

Զելենսկին ողջունել է այս համաձայնագիրը՝ նշելով, սակայն, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունն ավելի լավ կլիներ։

Տեսանյութեր

Լրահոս