
Պակիստանում զինյալները հարձակվել են պահակետի վրա․ կան զոհեր

Պակիստանի հարավում 5 զինյալ վաղ առավոտյան հարձակվել են զինվորական պահակետի վրա՝ սպանելով 4 զինվորի, 1 կին անցորդի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Եվս 5 զինվոր ծանր վիրավորում է ստացել։
Պատասխան կրակից սպանվել է առնվազն 3 զինյալ։
Հարձակումը տեղի է ունեցել հարավ-արևմտյան Բելուջիստանի նահանգի Ժոբի շրջանում։ Զինյալները մի քանի ժամ հրազենով փոխհրաձգություն են իրականացրել, որից հետո օգտագործել են նռնակներ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թեհրիկ-է-Ջիհադ նորաստեղծ իսլամիստական խմբավորումը։
Գազով հարուստ Բելուջիստանի նահանգում բելուջ ազգայնականներն արդեն երկու տասնամյակ պայքարում են կառավարության դեմ։ Ըստ Associated Press-ի՝ սկզբում նրանք ցանկանում էին նահանգի ռեսուրսներից իրենց մասնաբաժինը, սակայն ավելի ուշ սկսեցին պայքարել հանուն անկախության։
Նահանգում գործում են նաև Պակիստանի թալիբները և այլ զինված խմբավորումներ։